Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նոր քաղաքական ուժ է ստեղծում՝ Արցախի պահպանողական կուսակցություն, որը կմասնակցի 2020-ի խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների և հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն և արհեստավարժորեն դիմակայելու:

«Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր և գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման և պաշտպանության գործին:

Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաև հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից:

Քաջալերվելով բազմաթիվ ընկերների և համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը։

Պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու և Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ կուսակցության համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը և ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են:

«Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը: Ներքաղաքական կյանքում մենք որևէ մեկին դեմ չենք և որևէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարակության ցանկացած երկպառակտում ու բևեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական և այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ և կառուցողական քննարկումներ»,- ասվում է գրառման մեջ: