Սումգայիթի ջարդեր. Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988թ-ի փետրվարի 27-29։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Նշենք, որ ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։

Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։ Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»: Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ։

ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ արձակվել։ Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել և զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել։ Դրան համարժեք քաղաքականգնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկմանը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ համակարգի աշխատողները։ Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանությունը, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988թ.), ԱՄՆ Սենատը (1989թ.) և Արգենտինայի խորհրդարանը։