Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսքան դրական փոփոխություններ են մեր երկրում ու էլի մշակույթը համարվում է երկրորդական... Ախր 30 տարի քանդեցին մեր մշակույթն ու փոխանակ սկսենք փշրանքներից կրկին հավաքել այն, հիմնվելով որոշ փրկված ու սեփական ուժերով մի կերպ գոյատևած բյուրեղների վրա, ոչ միայն շարունակվում է քանդվելու գործընթացը, այլ նույնիսկ այն անցնում է արդեն ոչնչացման գործընթացի:

Թատրոններ, թանգարաններ, երաժշտական կոլեկտիվներ, որոնք ունեն տասնամյակների պատմություն կանգնած են կործանման եզրին: Ասենք երաժտական կոլեկտիվների մի մասը միացան Հայաստանի պետական ֆիլհարմոնիային, մյուսն էլ Կամերային երաժշտության կենտրոնին, ի՞նչ է դա տալու... Ոչինչ... Քանի որ նրանք միևնույն է գտնվելու են ողորմելի վիճակում, դռնեդուռ ընկած փնտրելու են ինչ-որ հովանավորներ, որպեսզի գոյատևեն: Կասեք թող անցնեն ինքնաֆինանսավորմա՞ն... Այսինքն պետությունն իր ուսերից ուզում է գցել մշակույթը... Չեմ կարծում, որ մեր վարչապետն այդպես է մտածում, քանի որ բազմիցս նա անդրադարձել է երկրի մշակութային քաղաքականության կարևորությանը:

Մշակույթը հավասարազոր է երկրի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն ու յուրաքանչյուր անհատ, երաժշտական կոլեկտիվ, թատերախումբ, կինոգործիչ, նկարիչ, քանդակագործ պատասխան են տալիս ապագա սերունդների մակարդակի, այսինքն երկրի անվտանգության համար:

Լավ, ասենք՝ ՊՈԱԿ-ներն ուզում եք միավորել, ուրեմն բարեհաճեք վերականգնել մի այնպիսի հզոր հիմնարկ, ինչպիսին ժամանակին ՀԱՅՀԱՄԵՐԳՆ էր, ուր հավաքված էին երկրի բոլոր պետական երաժշտական կոլեկտիվները և լավագույն մենակատարները: Այն երբեք չի ղեկավարել, այլ կազմակերպել է երկրի մշակույթը, մեր կոլեկտիվների ու անհատների հյուրախաղերն ամբողջ աշխարհով մեկ և աշխարհի տարբեր անկյուններից անվանի դեմքերի հյուրախաղերը Հայաստանում: Հայհամերգը ուներ գեղարվեստական խորհուրդ, որը մի շրջան ղեկավարում էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը: Այն քննարկում էր յուրաքանչյուր համերգ, կամ միջոցառում, տալիս իր գնահատականը, ընդունում պրոֆեսիոնալ որոշումներ, քննադատում անհաջողությունները և խրախուսում հաջողությունները: Դա պրոֆեսիոնալների մի հզոր բանակ էր, որին վստահում և աջակցում էր պետությունը: Այ եթե ստեղծվի նման պրոդյուսերական կառույց, միայն այդ դեպքում միավորումը կարող է տալ իր պտուղները: Իսկ եթե չեք կարող, ուրեմն բարեհաճեք չքանդել եղածը, թողեք՝ մարդիկ աշխատեն:

Ինչ վերաբերում է թատրոններին, մի բան կարող եմ ասել՝ մի՞թե այդքան վարակիչ էր Մեդվեդևի այն անհեթեթ հայտարարությունը, որ Ռուսաստանում պետական թատրոնների թիվը պիտի կրճատվի, այն էլ, երբ 2019թ-ը Պուտինի հրամանով Ռուսաստանում հայտարարված է Թատրոնի տարի: Ուրիշ լավ բան չկա՞ր ընդօրինակելու: Ինպե՞ս կարելի է փայտիկի մեկ շարժումով ոչնչացնել մեծանուն վարպետի՝ Սոս Սարգսյանի թողած ժառանգությունը, որն այսօր ունի արժանի հետնորդներ, ի դեմս նրա աշակերտների և կրտսեր գործընկերներների: Կամ նույն կամերային թատրոնը, որը միշտ ունեցել է իր հանդիսատեսը, երաժշտական կամերային թատրոնը, որն անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով՝ աշխատել է ու բեմադրել հետաքրքիր ներկայացումներ... Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի ժառանգությունը չգիտես՝ ինչու որոշվում է միացնել Չարեցի թանգարանին.... Ասում եք, որ սա որոշում չէ, սա ընդամենը նախագիծ է եղել, քննարկման փաստաթուղթ, որը չգիտես՝ ինչպես դուրս է եկել նախարարության պատերից... Ուրեմն նախարարությունում տիրում է նույն իրավիճակը, որը եղել է տասնամյակներ շարունակ ու ոչինչ չի վերահսկվում: Չնայած այս հանգամանքում լավ է, որ արտահոսք եղավ, թե չէ սուս ու փուս մշակույթի հարցերը կլուծվեր:

Խելքի եկեք... Ամոթ է անգամ նման կործանիչ նախագիծ գրելը: Սրա համար չէ, որ պայքարեցինք կողք կողքի ու հաղթեցինք, սա արված է նոր Հայաստանի դեմ: Այսքանից հետո ավելի լավ է չունենանք Մշակույթի նախարարություն, քան ունենանք նմանը: Հուսամ այս հարցը, եթե նույնիսկ ներկայացվի էլ Կառավարություն, այն չի ընդունվի: Եկեք պահպանենք և վերածնենք մեր մշակույթը»: