Գործադիրը այսօր հերթական նիստին որոշում կայացրեց «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հարցը չզեկուցվող էր և նախագծում նշված էր, որ որոշվում է «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ նախագծում նշված է, որ Տիգրան Պետրոսյանի անունը դուրս է գալիս միավորման արդյունքում, ինչը անընդունելի է համարում: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ կոմիտեի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Տիգրան Պետրոսյանի անունը մնում է:

Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև դրանց գոր­ծունեության նպատակահարմարության և գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորվում են միացման եղանակով և իրավահաջորդության կարգով գործունեությունը շարունակում է «Շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: