Նիդեռլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները երթ են իրականացրել Հաագայում՝ «Հանուն Արցախում խաղաղության հաստատման» կարգախոսով, որին հաջորդել է Ադրբեջանի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիան:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, փետրվարի 27-ին անցկացված ակցիայի մասնակիցներն Ադրբեջանի իշխանություններից պահանջել են ճանաչել 1988թ-ին Սումգայիթում և ադրբեջանական այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը, պատժել խաղաղ հայ բնակչության շրջանում սպանությունների կազմակերպման մեղավորներին, ինչպես նաև հրաժարվել Արցախի հանդեպ ռազմական սպառնալիքներից:

Հոլանդահայ համայնքի կառույցների ներկայացուցիչները նաև նամակ են փոխանցել Նիդեռլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ղարաբաղյան չկարգավորված հակամարտությանը և ջանքեր գործադրել խաղաղ կարգավորման ուղղությամբ: