«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն, որպես նվիրատվություն, առողջապահության նախարարությանը հանձնեց «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումներ:

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ավտոպարկը նորացվել է՝ ընկերությանը տրամադրվել են շտապ օգնության գծային մեքենաներ և շտապ օգնության ռեանիմոբիլներ:

Սակայն Երևանում և մարզերում կան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնք իրենց աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար ունեն շտապ օգնության մեքենաների կարիք, սակայն չունեն դրանք ձեռք բերելու հնարավորություն:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաներից 21-ը վերաբաշխել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին: Բացի այդ, 9 «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության մեքենաներ կամրացվեն առողջապահության նախարարությանը` հետագայում ըստ անհրաժեշտության դրանք տնօրինելու նպատակով:

Առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության մեքենաներից մեկ ռեանիմոբիլ ավտոմեքենա կտրամադրվի «Նաիրի բժշկական կենտրոն»-ին, քանի որ վերջինս նախարարության հետ կնքել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագիր:

Նշենք, որ շտապ օգնության 12 ավտոմեքենա կստանա քրեակատարողական ծառայությունը, իսկ մեկական ավտոմեքենաներ՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»-ը, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ը, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ը, «Նորքի տուն-ինտերնատ»-ը, «Կիմա Խաչատրյանի անվան Գառնիի առողջության կենտրոն»-ը, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն»-ը, «Ներքին բազմաբերդի բժշկական ամբուլատորիա»-ը, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ը: