Այսօր սպարապետ, Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

«… Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։ Դատվա՞ծ.. Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները… մորս դատավճիռներով։ Արտասահմանում բարեկամներ ունեմ։ Շա՜տ-շատ՝ սփյուռքի ամբողջ հայությունը։ Ուրի՞շ… էլ ասելու բան չմնաց։ Սա էլ Ձեզ ինքնակենսագրություն։ Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»,- գրել է Վազգեն Սարգսյանն ինքն իր մասին։

Մի առիթով նա նկատել է.

«Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է»:

Ասում են՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի միակ սերը հայրենիքն էր, սիրո պտուղը՝ հայոց բանակը:

Այսօր նրա մարտական ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներն ու քաղաքացիները նրա հիշատակը կհարգեն Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հրանտ Մաթևոսյանը Վազգեն Սարգսյանին համեմատել է հայոց պատմության ամենաողբերգական վախճանն ունեցած կերպարներից մեկի` Արշակ երկրորդի հետ:

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ-ի մարտի 5-ին Արարատում: Նա եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը1991-1992թթ-ին և այնուհետև 1995-1999թթ-ին: Նա նաև եղել է ՀՀ վարչապետ 1999թ-ի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988թ-ին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից քիչ անց՝ 1991թ-ի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994թ, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում։

Հիշեցնենք, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վեց պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999թ-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: