Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր քննվում էր նախկին փոխվարչապետ, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի և բանկային հաշիվների վրա արգելանք դնելու որոշման դեմ բողոքի քննությունը:

«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը գույքի վրա արգելանք դնելու որոշում է կայացրել դեռևս 2018թ-ի օգոստոսի 21-ին: Այս որոշման դեմ Գևորգյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատախազություն, սակայն գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել է այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանում պաշտպանները բողոքարկում են և՛ քննիչի, և՛ դատախազի որոշումները:

Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշել է, որ Գևորգյանին պատկանող շարժական և անշարժ գույքի, բանկային հաշիվների, այդ թվում՝ աշխատավարձի վրա արգելանք է դրվել արդարադատության կայացմանը խոչընդոտելու մեղադրանքի շրջանակներում․

«Այդ մեղադրանքի շրջանակներում Արմեն Գևորգյանի գույքի վրա արգելանք կարող էր դրվել ընդամենը դատական ծախսերը ապահովելու հիմքով»։

Ըստ Ալեքսանյանի՝ քննիչն անորոշ ձևակերպումներ է նշել գույքի վրա արգելանք դնելու որոշուման մեջ, ըստ էության, որոշման հիմքում դրվել են այն բոլոր հիքմերը, որոնք օրենքով սահմանված են որպես արգելանք դնելու հիմք:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը «Մարտի 1-ի գործի» շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, խոշոր չափերով փողերի լվացման և խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Առաջին ատյանի դատարանը մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր բողոքն ու առաջին ատյանի դատարանի որոշումը թողել օրինական ուժի մեջ: