Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալություն Մաշտոցի պուրակի ապամոնտաժողներին:

Պատկերացնում եմ, թե հիմա որքան ուրախ են Մաշտոցի պուրակում բուտիկներ կառուցելու մտադրություն ունեցածերը, որոնց ապագա բուտիկների երկաթյա կարկասը ապամոնտաժելու փորձեր անող խմբի դեմ ամսից ավելի ոստիկանական գրոհներ էին: Երիտասարդները դիմացան գրոհներին, ծեծվեցին, գիշերեցին պուրակում, և ի վերջո հասան ապամոնտաժման: Այսօր դրանց տերերը պետք է որ շնորհակալ լինել այն ժամանակվա իրենց «թշնամիներին»:

Երիտասարդները գրոհում էին, որոշ տարեցներ փորձում էին նրանց թիկունքին կանգնել: Այդ օրերին մի անգամ ես էլ էի գնացել Մաշտոցի պուրակ՝ «երիտասարդների թիկունքին կանգնելու»: Դե, տարեց եմ, հոդերս ցավում են, արագ շարժվել չեմ կարողանում, իսկ ոստիկանական գրոհների ժամանակ երբեմն պետք էր լինում շատ արագ շարժվել, երբեմն էլ՝ վազել: Պարզ է՝ չեմ կարողանում, ուստի պարզապես կանգնում էի գրոհող ոստիկանների դիմաց, նրանք էլ ինձ շրջանցում էին: Երկու կողմերից էլ մի քանի գրոհների փորձերից հետո բոլորը հոգնել էին և միմյանց խեթ նայելով որոշ դադար էին անում՝ ուժեր հավաքելու: Խմբերը կանգնած էին դեմ դիմաց, մոտ հավանաբար 5-6 մետր հեռավորությամբ: Նստելու տեղ չկար: Ես գնացի հենվեցի ոստիկանների շարքի առաջ ձգված երկաթե խողովակին՝ այսինքն մոտեցա ոստիկանների խմբին: Մեկ-երկու րոպե սպասելուց հետո ոստիկաններից մեկը մոտեցավ և շատ քաղաքավարի ու հանգիստ ասաց.

«Մորքուր, ավելի լավ է գնաք ձերոնց մոտ կանգնեք»:
Ես՝ - Բայց ես մերոնց մոտ եմ: Դուք, ի՞նչ է, մերոնք չե՞ք:
Ոստիկան /շփոթված/ - Հա, բա ոնց, ձերոնք ենք, ուզում էի ասել՝ գնաք ապամոնտաժողների մոտ: Պետք եղած ժամանակ այստեղից արագ առաջ գնալու դեպքում կարող է Ձեզ վնասենք:

Ես՝ - Արագ շարժվելու դեպքում ապամոնտաժողներն էլ կարող են ինձ, միմյանց, նաև ձեզ վնասել: Եթե եկել եմ այստեղ՝ ուրեմն վնասվելու հնարավորությունը հաշվի եմ առել: Բայց եթե ոստիկաններն ինձ վնասեն՝ կպաշտպանեք, չէ՞:
Ոստիկան /մի փոքր խեղճացած/- Բայց Ձեզ չի կարելի այստեղ կանգնել:
Ես՝ -Ինչու՞: Այնտեղ էլ են մերոնք, այստեղ էլ են մերոնք: Եթե մեկը Ձեզ վնասի՝ ես կպաշտպանեմ: Իսկ Դու՞ք:

Ծիծաղեցինք: Բայց «մերոնք»՝ ապամոնտաժողները, գրոհը վերսկսեցին՝ փորձելով կտրել ապագա բուտիկներից մեկի երկաթե կարկասի «ոտքը», ոստիկաններն էլ մահակներով հարձակվեցին՝ թույլ չտալու: Ես անցա «մերոնց» կողմը: Մնացածը՝ աղմուկ, հետապնդում, և ես՝ իսկապես «թիկունքում» կանգնած վազվզողներին նայելիս:

Օրեր հետո դրան հաջորդեց «Տարոն, սիրուն չի»-ն: Իշխանությունը լուծեց իր կապած հանգույցը: Ի՞նչ եմ ուզում ասել՝ եթե այն ժամանակ ապամոնտաժող երիտասարդները չդիմանային, այսօր դրանք կապամոնտաժեր Երևանի քաղաքապետարանը: Եվ ճիշտ կաներ: Բայց որքան ավելի կտուժեր Երևան քաղաքը և կտուժեին ապագա բուտիկների տերերը»: