Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայկական կողմը պետք է դուրս բերի իր «զորքերը գրավյալ տարածքներից», հակառակ դեպքում Ադրբեջանը «կարող է օգտվել տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքից»:

«Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների ՀՀ նոր ղեկավարության հետ: Ադրբեջանը 25 տարի սպասել է ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը և դա սահման ունի: Հայաստանը ըստ ՄԱԿ ԱԽ որոշումների պետք է ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք օգտվել մեր իրավունքից՝ ՄԱԿ կանոնադրությանը համաձայն»,- հայտարարել է Հաջիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է Interfax.az-ը:

Նա ասել է նաև, թե Հայաստանն «ապօրինի շահագործում է գրավյալ տարածքների բնական ռեսուրսները»:

«Դա անթույլատրելի է և դրան պետք է վերջ տրվի»,- ասել է Հաջիևը:

«Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության: Դրա համար առաջին հերթին պետք է ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները, փախստականներն ու բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հողերը»,- ասել է Հաջիևը: