2018թ-ին պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան $74 մլն
2018թ-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 36 մլրդ դրամ կամ $74.08 մլն:
ՀՀ ԳԴ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2018թ-ին վերականգնվել է ընդհանուր ավելի քան 2 մլրդ դրամի վնաս:
Դատախազությունը նախորդ տարում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում:
Մասնավորապես դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 626 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 1345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017թ-ի ցուցանիշը:
Դրանց շրջանակում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել է 208 իրավաբանական և ֆիզիկական անձ: