Ազգային ժողովի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին դատարանում հայտարարել է Բաբայանը՝ նշելով, որ ինքը չի եղել այն դահլիճում, որտեղ, ըստ գործի նյութերի, ծեծի են ենթարկել գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովին:

Գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովն էլ դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն իրեն տուժող չի համարում, ապա քիչ անց ևս մեկ անգամ հայտարարությամբ հանդես գալու իրավունք է խնդրել, ու ևս մեկ անգամ պնդել, թե Բաբայանն իրեն ծեծի չի ենթարկել:

Նշենք, որ Բաբայանն ու վերջինիս պաշտպանները չեն առարկել տեսանկարահանման դեմ, սակայն գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն ու նրա ներկայացուցիչն առարկել են: Դատարանը տեսանկարահանումը թույլատրել է միայն 5 րոպեով:

Դատարանում այսօր հարցաքննվում են գործով վկաները:

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում նա գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018թ-ի օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: