Ղազախստանի մայրաքաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Աստանան Նուրսուլթան վերանվանելու դեմ:

Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանն ընդունել է երկրի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու նախագիծը:Երկրի օրենսդիր մարմինը երկու ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություն անելու այդ նախագիծը, որն առաջարկվել էր նույն օրը:

Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել մարտի 21-ի առավոտյան Աստանայի քաղաքապետարանի մոտ՝ իր անհամաձայնությունը հայտնելու քաղաքը վերանվանելու վերաբերյալ իշխանությունների որոշման հետ, հայտնում է Lenta.ru-ն:

Ցուցարարներից մեկի վեճն իրավապահների հետ քաշքշուկի է վերածվել, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 20 ցուցարարի:

Մարտի 20-ի երեկոյան gopetition.com կայքում ստորագրահավաք է մեկնարկել՝ հեղինակները պահանջում են չվերանվանել մայրաքաղաքն ի պատիվ այդ երկրի 30 տարվա նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Մարտի 21-ի առավոտվա տվյալներով այն ավելի քան 30,000 ստորագրություն է հավաքել: