ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցն է՝ վարորդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է: Տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 06:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է ՀՀ-ից, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 18-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ տեղափոխվող 20.000 ԱՄՆ դոլար գումարը աշխատանքային օրն ավարտվելու պատճառով վերջիններիս կողմից չի հանձնվել բանկին, և սահմանված կարգի համաձայն՝ պահվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պահոցում: Իսկ հաջորդ օրը, երբ նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, պարկը բացելուց հետո պարզվել է, որ 9.700.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 դոլար գումարը հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: