ՀՀ 2019թ-ի պետական բյուջեից «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի համար կհատկացվի 352 մլն 226.5 հազար դրամ՝ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա արտահերթ նիստում:

Ըստ նախագծի՝ ներկայում հանրապետության կրթական համակարգում գործում են «Արմաթ» ինժեներական 260 լաբորատորիաներ 304 խմբակավարներով, ինչպես նաև ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար ներգրավված են 13 մարզային համակարգողներ: 2019թ-ի ընթացքում նախատեսվում է ավելացնել խմբակների քանակը ևս 162 հատով:

«ՀՀ ԿԳ նախարարությունը կարևորում է հանրակրթական ուսումնական հաստատություններում տեխնիկական կրթության դասավանդման շրջանակում ինժեներական խմբակներում և ռոբոտաշինական լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներն ու աշխատանքներում ընդգրկված սովորողների կողմից ստեղծարար արժեքներին հաղորդակից լինելն ու նորարարությանը գործուն մասնակցություն ցուցաբերելը: Խմբակներում և լաբորատորիաներում իրականացվող աշխատանքների հիմնական արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարության նախորդ նիստում այս հարցը քննարկել են և որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ հարցը աշխատանքային կարգով էլ են քննարկել:

«Տրամաբանությունը հետևալն է, որ այս պահին ունեցած լաբարոտորիաների գործունեությունը կապահովենք: Բայց մեր ուղերձը կլինի այնպես, որ ինչպես մնացած բոլոր ոլորտներում, այս ոլորտում նույնպես մենաշնոհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, գործընկեր կազմակերպության հետ մեր համագործակցությունը բնական ձևով կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաև նոր առաջարկությունների համար»,- ընդգծել է վարչապետը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում վարչապետն անդրադարձավ «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի խնդրին: Վարչապետը ներկայացրել էր իրեն ուղղված նամակը, համաձայն որի՝ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստացել և հանձնարարեց այդ խնդրով զբաղվել: