Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել առաջարկին, որով չեղարկվում են պարտադիր անցումներն ամառային և ձմեռային ժամանակի:

2021թ-ից ԵՄ յուրաքանչյուր անդամ կարող է ինքնուրույն որոշել անցնել ամառային և հետո ձմեռային ժամանակի թե ոչ, գրում է BBC-ն:

Ըստ գործող կանոնների, ԵՄ անդամ բոլոր երկրները մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ են տանում, իսկ աշնանը՝ 1 ժամ հետ:

Եվրոպայում հանրային լսումներ են անցկացվել հարցի շուրջ և հարցման մասնակիցների 84%-ը դեմ է արտահայտվել սլաքը տեղափոխելուն: Ամենաշատ ընդդիմախոսներ այդ մոտեցումն ունի հյուսիսային երկրներում, որտեղ լուսային օրը շատ է տատանվում տարվա ընթացքում:

ԵՄ-ում անցումն ամառային ժամանակին պարտադիր էր 2001թ-ից և ուղղված էր էլէներգիայի խմնայողությանը: Սակայն, խնայողությունը զգալի չէր, իսկ ԵՄ մի շարք հիմնական առևտրային գործընկերներ, օրինակ, Չինաստանը, ՌԴ-ն, Թուրքիան, ամառային ժամանակի չեն անցնում: Բացի այդ, գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ անցումն ամառային և ձմեռային ժամանակի վատ է անդրադառնում մարդկանց առողջության վրա: