Արմավիրի մարզի ջրօգտագործող ընկերությունների որոշ տնօրենների մասնակցությամբ կոռուպցիոն բնույթի ապօրինություններ են բացահայտվել։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2018թթ-ին մարզում գործող ջրօգտագործող ընկերությունների որոշ տնօրեններ ընկերությունները խախտել են բաժանորդների հետ կնքված 2016-2018թթ-ին ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի պահանջները:

Նրանք առանց ջրաչափերի տեղադրման, մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն հեկտարներով գրանցելով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկելով մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից, հավելագրումներ կատարելու եղանակով փաստացի ուռճացրել են մատուցված ծառայությունների ծավալները և այդ կերպ արհեստականորեն ծանրաբեռնել դեբիտորական պարտքի հաշվեկշիռը մոտ 1 մլրդ դրամով:

Ըստ նախնական տվյալների, ջրօգտագործողների նշված արհեսատական եղանակով գոյացած պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար, 2016-2017թթ-ին ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորված ընկերության հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցներից առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու իրենց դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով, դրանք հաշվապահորեն ձևակերպվել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում և միևնույն ժամանակ ձևական պայմանագրեր են կնքել՝ տարբեր ֆիզիկական անձանցից հավելագրված արժեքներով տրանսպորտային միջոցների վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ:

Իրականում նշված պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել, իսկ որոշ անձանց Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, կեղծ աշխատանքային պայմանագրեր կազմելու եղանակով, նրանց հրամանագրել են որպես ջրբաշխներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախել աշխատանքի:

Քննության տվյալ փուլում, նման եղանակով, արդեն իսկ պարզվել է մոտ 29 մլն դրամ գումարների առերևույթ հափշտակության փաստը:

Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես և պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: