Լուսանկարում պատկերված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա փողոցով հոսող ջրանցքը:

Այս փողոցով է հոսում Ստորին Հրազդան ջրանցքը, որը ոռոգելի ջուր է հասցնում Արմավիրի մարզի մի շարք համայնքների: Աղտոտված այս ջրով են ոռոգվում պտղատու շատ այգիներ և հողատարածքներ:

Ոչ ոռոգելի ամիսներին ջրանցքի այս հատվածը մշտապես աղբաշատ է: Փողոցով հոսող ջրանցքում կուտակվում է ոչ միայն հոսած ջրի հետ եկած, այլև բնակիչների թափած կենցաղային աղբը: Մեզ հետ զրույցում բնակիչները ևս չեն թաքցնում, որ ջրանցքում աղբ են թափում: Միաժամանակ նաև բողոքում են շրջակայքում տարածված գարշահոտությունից և ջրանցքի կեղտոտությունից:

Տարածքի բնակիչները դույլով աղբը լցնում են ջրանցքը: Նրանք ջրանցքում աղբ թափելու հանգամանքը պայմանավորում են աղբարկղերի բացակայությամբ: Ասում են՝ տարածքում բավարար թվով աղբարկղեր չեն տեղադրվել, այդ մասին բազմիցս բարձրաձայնել են:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Լազր Խաչատրյանը ասել է, որ արդեն 20 օր է՝ ջրանցքի մաքրման աշխատանքներ են ընթանում, մոտ օրերս դրանք կավարտվեն: Ըստ նրա՝ այս պահին մաքրվում է Շրջանային փողոցի ջրանցքի հատվածը: Գրում է «Հետք»-ը։

Խաչատրյանի փոխանցմամբ՝ ջրանցքի մաքրման աշխատանքներում խոչընդոտներ կան. փողոցներում կան նեղ հատվածներ, որտեղ տեխնիկան չի կարողանում աշխատել:

Բաժնի պետը ջրանցքի աղտոտման հարցում մեղադրում է նաև տարածքի բնակիչներին, ասելով՝ ջրանցքը շատերի համար որպես աղբարկղ է ծառայում:

Լազր Խաչատրյանի փոխանցմամբ՝ ջրանցքը տարվա ընթացքում մեկ անգամ է մաքրվում՝ ոռոգման շրջանի մեկնարկին: Նա տեղյակ է աղբարկղերի սակավության առնչությամբ բնակիչների բողոքներից: Ըստ պաշտոնյայի՝ «Սանիթեք» ընկերության հետ արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ մոտակա մեկ-երկու ամսում նոր աղբարկղեր կտեղադրվեն և՛ այդ տարածքում, և՛ վարչական շրջանի այլ փողոցներում:

«Բնակիչներ կան` իրենց աղբը նետում են ջրանցքը: Հնարավոր է, որ այլ հատվածներից հոսող ջուրն էլ է իր հետ աղբ բերում: Անընդհատ մենք այս խնդիրը ունենք, բայց բնակիչներն էլ պետք է հասկանան, որ ջրանցքը պետք է մաքուր պահեն: Հնարավոր չէ ամեն պահ ջրանցքում տեխնիկա աշխատի, աղբ դուրս բերի»,- նշել է Լազր Խաչատրյանը: