Ադրբեջանցի իրավապաշտպան Օքթայ Գյուլալաևը մեղադրել է երկրի ուժային կառույցներին սեփական զինծառայողներին խոշտանգելու և սպանելու մեջ:

Նա հրապարակել է Տերտերի զինդատարանի 2019թ-ի հունվարի 31-ի դատավճիռը, որը կայացվել է ադրբեջանական բանակի զինվորների խոշտանգումների և սպանությունների մասին գործով՝ զինվորներին մեղադրում էին հայերի հետ համագործակցելու մեջ, գրում է Contact.az-ը:

Նշված անձինք ձերբակալվել էին 2017թ-ի մայիսին և որոշ ժամանակ անց մահացել կալանավայրում: Հատկանշական է, որ 8 մահացածից 4-ը հետո արդարացվել է, իսկ նրանց խոշտանգումների ենթարկածները ձերբակալվել, բայց ոչ կալանավորների սպանության համար:

«Ինչպե՞ս է ստացվում, որ առանձնակի դաժանությամբ կալանավորներին սպանողները դատապարտվում են 6 տարվա ազատազրկման, այն էլ ոչ սպանության հոդվածով: Ինչպե՞ս է ստացվում, որ կորպուսի, բրիգադի հրամանատարությունը, որտեղ կատարվել էր «դավաճանությունը», պահպանում է իր պաշտոնները, իսկ շարքայինները տանջանքների են ենթարկվում և խստորեն պատժվում»,- գրել է Գյուլալալևը: