Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունների ձևաչափը շարունակում է մնալ անփոփոխ:

«Կարևոր եմ համարում, որ բանակցությունների ձևաչափը չի փոխվել: Բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես եղել է տարիներ շարունակ»,- հայտարարել է Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում կայացած հանդիպումից հետո:

Ըստ նրա, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է, որ «առաջիկայում հանդիպեն, շարունակելու համար բանակցային գործընթացը, որը պետք է միտված լինի արդյունքի»:

«Ինչպես գիտեք, ԱԳ նախարարները բանակցությունների մի քանի ռաունդ են անցկացրել: Հանդիպումը կարևոր է նրանով, որ նոր մեկնարկ է տվել բանակցային գործընթացին հարցի էության շուրջ»,- ասել է Ալիևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով վստահության ամրապնդմանը՝ նա ասել է, որ դա կարող է լինել մարդկանց միջև շփումների ձևով:

Ալիևն ասել է, որ Բաքվի համար առաջնայինն այն է, որ «Երևանն անհապաղ դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: