Երեկ հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանի ծննդյան օրն էր։

Այդ առիթով ներկայացնում ենք մի հետաքրքիր պատմություն, թե ինչպես եղավ, որ Մարգար Սեդրակյանին աքսորից հետ կանչեցին և կրկին հրավիրեցին կոնյակի գործարան։ Մարգար Սեդրակյանի դուստրը` Վանուհի Սեդրակյանը պատմում է.

«Աքսորից հայրս վերադարձավ «Չերչիլի շնորհիվ»: Բոլորը գիտեն, որ 1945թ-ին՝ Յալթայի կոնֆերանսի ժամանակ, Ստալինը Չերչիլին հյուրասիրեց հորս ստեղծած «Դվին» կոնյակը: Մեծ Բրիտանիայի վարչապետն այնքան հավանեց այդ կոնյակը, որ այդ օրվանից Ստալինի կարգադրությամբ նրան պարբերաբար ուղարկում էին «Դվինի» պատկառելի խմբաքանակներ։

Անցնում է որոշ ժամանակ և մի օր Չերչիլը բողոքում է՝ ասելով, որ կոնյակն իր համը փոխել է: Ստալինը Անաստաս Միկոյանին ուղարկում է Երևան՝ պատճառը պարզելու նպատակով: Միկոյանը ժամանում է գործարան և կարգադրում է կանչել Մարգար Սեդրակովիչին: Նրան պատասխանում են, որ գլխավոր տեխնոլոգն արդեն մեկ տարի է, ինչ աքսորված է: Իմանալով այդ լուրը՝ Ստալինը հրամայում է Մարգար Սեդրակյանին վերադարձնել Երևան, իսկ «Դվինը» վերականգնում է իր նախկին համը»: