ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, պատասխանել է․

«Պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ և տրամաբանական չէ ակնկալել, որ մեկ հանդիպման ընթացքում այդ մեկնաբանությունները հստակեցվելու են: Սա շարունակական գործընթաց է, բայց շատ կարևոր է, որ այդ գործընթացը սկսվելու է»:

Հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ չեն անդրադարձել մադրիդյան երեք սկզբունքներին և այն վեց տարրերի մասին, ապա կարո՞ղ են ասել, որ կողմերն աշխատում են նոր փաստաթղթի շուրջ, Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում և դա տրամաբանական է, քանի որ բանակցություններում այս պահին չկա հստակ բովանդակային փուլ։

«Ինչպես բազմիցս նշվել է, կողմերը խոսում են բանակցություններից և միմյանց ընկալումներից»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հումանիտար ոլորտում տարվելիք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքին, պատգամավորը նշել է, որ հումանիտար աշխատանքների մասին Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետը նշել է օրինակներ:

«Ես գիտեմ, որ դրանք նույնպես պետք է մշակվեն։ Հստակություն դեռ չկա, բայց խոսքը հավասարաչափ երկկողմանի հումանիտար ակցիաների մասին է, որ միտված են փոխվստահության մակարդակի բարձրացմանը և բանակցությունների համար անհրաժեշտ համապատասխան խաղաղության մթնոլորտի ստեղծմանը»,- նշել է պատգամավորը:

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք խոսվե՞լ է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Արցախից վերադարձել են երեկ գիշերը, ուստի չեն կարող ասել:

Դիտարկմանը, թե ինչպես է գնահատում Արդբրեջանի նախագահի հայտարարությունը, պատգամավորը նշել է.

«Նորմալ: Այն այնպիսի հանդիպում չէր, որ պետք էր ակնկալել դարակազմիկ արդյունքներ, բայց միևնույն ժամանակ կարևոր հանդիպում էր երկրների ղեկավարների միջև, մեր կողմից վերջին ամիսներին հնչեցվել են թարմ գաղափարներ, տրամաբանական մոտեցումներ, և այս համատեքստում էր, որ տեղի ունեցավ հանդիպումը, և սա շարունակական գործընթաց է»: