Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը երաշխավորել է, որ այս պահին թատրոնի տնօրենի պարտականությունները «դրսից» որևէ մեկի վրա չեն դրվի ու դրանք ժամանակավորապես կկատարի թատրոնի փոխտնօրենը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասել է ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի բողոքի ակցիայի մասնակից, Օպերայի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

«Այս պահին հանդիպումով բավարարված ենք։ Պարոն վարչապետն ասել է, որ ինչքան էլ ասել էր Նազենի Ղարիբյանը, այս պահին ինքն անձամբ երաշխավորում է, որ Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պարտականությունները «դրսից» որևէ մեկի վրա չեն դրվի ու դրանք կկատարի մեր փոխտնօրենը»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Արզումանյանը հավելել է, որ վարչապետի հետ պայմանավորվախություն է ձեռք բերվել, որ իրենց կուղարկվեն այն օրենքի կետերը, «այն խնդիրները, հիմնավորումները, որոնք, այսպես կոչված, կային, իսկ օպերայի անձնակազմը գրավոր կպատասխանի դրանց՝ ներկայացնելով հակափաստարկներ»։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ եթե պարզվի, որ ներկայացված փաստարկներից թեկուզ մի կետը կեղծ է, անմիջապես ներկայացնողը կպատժվի և կազատվի աշխատանքից։

«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, որի անունը շրջանառվում էր որպես օպերայի տնօրենի հավանական թեկնածու, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել:

«Ինչ վերաբերում է Օպերային թատրոնի տնօրենի հաստիքին, ինձ ասել էին, որ օրենսդրական խնդիրներ կան, որոնք պետք է լուծում ստանան ու անցկացվի մրցույթ: Ես մտածեցի, որ այս ընթացքում մաեստրո Օրբելյանին չեն անհանգստացնի, քանի որ նախարարությունը դեռ օդից կախված է և օպտիմալացման նախագիծը չի հաստատվել, իսկ Օրբելյանը մեծանուն և հրաշալի արտիստ է և չէի մտածում, որ կվիրավորեն նրան...Ես ցավում եմ, որ մաեստրո Օրբելյանի հետ չգտնվեց ճիշտ և գրագետ շփման ձև: Ամեն բան կարելի է անել օրենքով և գեղեցիկ:Այսքանով ուզում եմ հերքեմ այն ստերը, որ «վերևներից» ինձ են տեսնում այդ պաշտոնին»,- ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արմեն Սարգսյանը: