ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու ՀՀ ժողովրդական արտիստի, կամ ՀՀ վաստակավոր արտիստի, կամ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, կամ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր) Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) պետք է ներկայացնել 2019թ. ապրիլի 9-մայիսի 10 ներառյալ։ Մրցույթը տեղի կունենա 2019թ-ի մայիսի 22-ին, ժամը 12:00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով նոյեմբերի 13-ին բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: