ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես՝ տևական ժամանակ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չեն իրականացրել պետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Զարյան 22/1 և Զարյան 24 հասցեներում գտնվող 4.086,7քմ. ընդհանուր մակերեսով անշարժ գույքի կառավարելու գործառույթը:

Արդյունքում այն փաստացի տևական ժամանակ տիրապետվել և օգտագործվել է մասնավոր անձանց կողմից:

Մինչդեռ, ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած հաշվարկի, նշված անշարժ գույքերը պետության կողմից վարձակալության իրավունքով տրամադրելու պարագայում հնարավոր նվազագույն վարձավճարը կկազմեր ընդհանուր առնվազն 226.5 մլն դրամ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու և այդ կերպ պետության համար անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: