Ադրբեջանական մեծաթիվ զինված ստորաբաժանումներ, 1992թ. ապրիլի 10-ին հարձակվելով Արցախի Մարտակերտի շրջանի (նախկին ԼՂԻՄ-ի տարածքում) Մարաղա գյուղի վրա, իրականացրել են հայկական խաղաղ բնակչության կոտորած։

Նույն օրը երեկոյան հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ազատագրել գյուղը՝ այնտեղ գտնելով մոխրացած տներ և մի քանի տասնյակ սպանված մարդկանց խոշտանգված մարմիններ:

Մարաղան Արցախի ամենահարուստ և մեծ գյուղերից էր։ Մարաղա գյուղի արևմտյան հատվածում գտնվում էր Մարգուշևանը։ 1954-1992թ դեկտեմբեր՝ ի պատիվ Վ. Ի. Լենինի, գյուղերը միավորվել էին Լենինավանի խորհտնտեսության կազմում։ Ըստ 1989թ. տվյալների՝ այստեղ մոտ 5000 բնակիչ էր ապրում։ 1988-89թթ. Բաքվի և Սումգայիթի ջարդերից փրկված շատ հայ ընտանիքներ ևս հանգրվանել էին Մարաղայում և Մարգուշևանում։ Ըստ գյուղացիների վկայությունների՝ նրանք նույնիսկ նոր թաղամասեր էին հիմնել, տներ կառուցել։ Զբաղվում էին հիմնականում խաղողագործությամբ, գյուղում գործում էր խաղողի նախնական վերամշակման գործարան: Մարաղայի հարևանությամբ տեղակայված էր Ադրբեջանի ԽՍՀ Միր Բաշիր շրջանի համանուն կենտրոնը։ Ներկայումս նախկին Լենինավանը, որն անվանափոխվել է Շըխարխ և ներառվել Ադրբեջանի Տերտեր (Թարթառ) շրջանի կազմում։ Այնտեղ տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորամաս:

Ըստ Արցախի ԱԳՆ-ի տվյալների՝ 1992 թ. ապրիլի 10-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները հարձակվել են գյուղի վրա, այնտեղ մնացել էր 118 խաղաղ բնակիչ։ Ըստ հեղինակավոր Human Rights Watch / Helsinki միջազգային իրավապաշտպան կազմակերպության 1992թ. զեկույցի՝ գյուղում սպանվել է մոտ 50 մարդ, 49 մարդ պատանդ է տարվել, այդ թվում՝ 9 երեխա, 18 կին և 3 տարեց, որոնցից մեկը կույր էր։ Նրանցից ոմանց հետագայում հաջողվել է վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Մարաղայի ինքնապաշտպանությանը մասնակցած ջոկատի հրամանատարը նշում է, որ մարդիկ թաքստոցներում են եղել՝ մեծ մասամբ 17-25 հոգանոց խմբերով։ Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը գյուղն ազատագրելուց հետո հայ կամավորները հաշվել են 173 այրված տուն։