Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի ղեկավար Անդրանիկ Սաֆարյանի նախաձեռնությամբ համայնքում հիմնվել է բարդիների պուրակ:

Անդրանիկ Սաֆարյանն ասել է, որ իրենք նախօրեին պուրակում տնկել են շուրջ 400 բարդու ծառեր:

Ծառատունկին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, զինվորականներ, Մեխակավանի բնակիչներ, Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ և այլք:

Ա. Սաֆարյանի խոսքով՝ ապահով լինելու համար պուրակի տարածքն ամբողջությամբ ցանկապատվել է: Հետագայում պուրակում տեղադրվելու են նստարաններ և տնկվելու են բազմերանգ ծաղիկներ, որպեսզի համայնքի բնակիչներն իրենց հանգիստն անցկացնեն այդտեղ:

Միջոցառմանը Հադրութի և Մեխակավանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաները հանդես են եկել համերգային ծրագրով:

Ծառատունկից հետո Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Լևոն Մնացականյանը եղել են նաև Մեխակավանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին և կրթօջախի երեխաների ձեռքի աշխատանքներին:

Նշենք, որ Մեխակավանի ՄՊՍ կենտրոն է հաճախում շուրջ 145 սան: