Հայաստանը քայլեր է ձեռնարկում՝ ուղղված միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող հայկական զորամիավորումներում կին խաղաղապահների թվի ավելացմանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Անվտանգության խորհրդում տեղի ունեցած՝ «ՄԱԿ խաղաղապահ գործողությունները․ Կանայք խաղաղապահությունում» թեմայով հանդիպմանը:

Իր ելույթում Մհեր Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորում է կանանց ներկայացվածության խթանումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Նշելով, որ խաղաղապահ գործողություններին կանանց մասնակցության ընդլայնումը Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացվող բափեփոխումների առաջնահերթություններից է՝ նա ներկայացրել է Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերն՝ ուղղված միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող հայկական զորամիավորումներում կին խաղաղապահների թվի ավելացմանը, հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Անդրադառնալով 2000թ-ին ընդունված Կանանց, անվտանգության և խաղաղության վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևին՝ դեսպան Մարգարյանը հիշատակել է բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագիրը, որը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է փետրվարին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներում հասարակական կազմակերպությունների ու կանանց գլխավորությամբ նախաձեռնությունների ներգրավվածությունը։