ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ պարտավորեցնելով վերջինիս վերացնել Ամուլսարի հանքավայրի տարածք կատարված ներխուժումները: Համապատասխան վճիռը տեղադրվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:

«Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում անհրաժեշտ է պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 (դեպի Ամուլսար տանող ճանապարհներ) կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները», - նշված է վճռում: