Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նման որոշումը կայացնելիս հաշվի է առնվել, որ նախաքննության ներկայիս փուլում արդեն նվազել են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու, քննությունից խուսափելու ռիսկերը, որով պայմանավորված՝ վերացել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի հետագա կիրառման անհրաժեշտությունը»,-այսպես են հիմնավորում դատախազությունից։

Ավելի վազ ԲՀԿ խմբակցության անդամ, Նաիրիա Զոհրաբյանը հայտնել էր․

«Օրեր առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը: Հարցը բավականին զգայուն էր և ես` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ուղղակի չէի կարող այս դեպքին հատուկ չանդրադառնալ: Դպրոցի տնօրենը մեկ տարեկան երեխա ունի, որին կերակրում էր և ուղղակի անմարդկային էր կերակրող մոր հանդեպ խափանման միջոց կալանք ընտրելը: Հարցի վերաբերյալ ես դեռ օրեր առաջ զրուցել եմ ՀՀ Գլխավոր դատախազի հետ և ես ու իմ գործընկեր կին պատգամավորները հանդես ենք եկել պատգամավորական միջնորդությամբ ՝ խափանման միջոցը փոխելու համար: Մեր միջնորդությունը հարգվել է և դպրոցի տնօրենի խափանման միջոցը փոխվել է. երեխան կլինի իր մոր կողքին, մնացածն արդեն օրենքի հարց է: Վստահ եմ, որ քննությունը կտարվի բացարձակ անաչառ: Որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ ես հետևելու եմ այս գործի բոլոր դատական նիստերին»։