Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարի։

Ոստիկանության հաղորդմամբ, թղթադրամներն իրացնելուց անմիջապես հետո երիտասարդը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։

Նախնական տվյալներով՝ Ս. Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական ընկերության գրասենյակում որպես խաղադրույքների վճար իրացրել է 16 հատ 200 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ ընդհանուր 3200 եվրո։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 հատ 200 եվրո անվանական արժեքով թղթադրամ՝ ընդհանուր 1600 եվրո։ Ոստիկանները նրա բնակության հասցեի խորդանոցից առգրավվել են 200 եվրո անվանական արժեքով 46 թղթադրամ՝ ընդհանուր 9200 եվրո։

Դապքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 14.000 կեղծ եվրո ձեռք բերելու, պահելու և մի մասն իրացնելու կապակցությամբ կատարվում է քննություն։ Սարգիս Անանյանը ձերբակալվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։