Օրեր առաջ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի ելույթի ընթացքում դիվանագիտական միջադեպ էր տեղի ունեցել Չավուշօղլուի և ֆրանսիացի պատգամավոր Սոնյա Կրիմիի միջև:

«Անկարայի և Փարիզի ներկայացուցիչների միջև տեղի ունեցածը դեկլարատիվից և դիվանագիտական հերթական արարքից մի քայլ առաջ գնացող երևույթ է: Հեռակա, անուղղակի բանավեճի փոխարեն միջազգային կազմակերպության ատյանից Փարիզին դասեր տալու և Ֆրանսիան իբրև ցեղասպան պետություն ամբաստանելու արարքն էր, որ գործադրվեց պաշտոնապես»,- հայտնել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Գրում է «Երկիր»-ը։

Ըստ նրա` անհամեմատելի երևույթներն ու իրադարձությունները համեմատելով, Թուրքիան, ըստ էության, ժխտողականությամբ հանդես է գալիս ոչ միայն իր սեփական պատմության, այլ նաև Ֆրանսիայի, Ռուանդայի, Ալժիրի պատմությունների նկատմամբ։

«Ո՛չ Ռուանդան, ո՛չ Ալժիրը նման պահանջներ չեն ներկայացրել պաշտոնական Փարիզին։ Քաղաքական շահարկումների մղումները ժխտողականության նոր տարածքներ են գրավում։ Ցեղասպանական արարքների շուրջ պատմության վերաշարադրումն է, որը փորձում է անել Անկարան։ Համահավասարեցման այս մարտավարությունը, թվում է, որ շատ տեղ չունի աշխատելու»,- ասել է Շահան Գանտահարյանը` հավելելով, որ ամբաստանությունների և պատմության վերաշարադրանքների նման ընթացքը տեսականորեն կարող է հանգեցնել նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերի ու բանաձևերի պատճառով Անկարան աշխարհի բազմաթիվ երկրների կմեղադրի ցեղասպանություն գործած լինելու մեջ:

Գանտահարյանի կարծիքով` ԱՄՆ-ը, եվրոպական և միջինարևելյան արաբական երկրները Անկարայի որդեգրած արտաքին քաղաքականության և կոշտ դիրքորոշման համար ցանկանում են նրան «կարմիր քարտեր» ցույց տալ, որոնց բովանդակության կազմման մեջ մեծագույն դերակատարություն կարող է ունենալ հայ քաղաքական միտքը` Թուրքիայի առջև դնելով ոչ միայն Ցեղասպանության հարցը, այլև Թուրքիայում հայկական կալվածքների հատուցման, ՀՀ ապաշրջափակման, առանց նախապայմանների բանակցությունների հարցերը: