Երևան քաղաքի որոշ մանկապարտեզների տարածքները վարձակալած և անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած կազմակերպությունները լքում են մանկապարտեզների շենքերը:

«Հետք»-ը նախորդ շաբաթ ներկայացրել էր Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում փակված մանկապարտեզների պատմությունը: Այդ հրապարակումը պատրաստելու ժամանակ Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք նաև այդ 3 վարչական շրջաններում գործող մանկապարտեզներում տարածքներ վարձած և անհատույց տնօրինող կազմակերպությունների մասին: Տարածքներն ազատելու մասին ծանուցումներ են ստացել բոլորը՝ տարածքն ազատել է ընդամենը մեկը:

Աջափնյակ վարչական շրջան․

Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներից 4-ում տարածքներ են զբաղեցնում «Ժակ-Ժան» ՍՊԸ-ն, համայնքային գրադարանը, «Երեխաների խնամքի զարգացման կենտրոն» բարեգործական կազմակերպությունը և քաղաքացի Հրաչյա Ներսիսյանը:

«Ժակ-Ժան» ՍՊԸ-ին 2013թ-ին 10 տարի ժամկետով վարձակալության պայմանագրով 446 քմ տարածք էր տրամադրվել Լենինգրադյան 4ա հասցեում գտնվող թիվ 38 մանկապարտեզում: Ամեն ամիս այդ ՍՊԸ-ն քաղաքային բյուջե է վճարել 193 հազար դրամ, սակայն Երևանի քաղաքապետարանից լրատվամիջոցին հայտնել են, որ տարին 2 միլիոն 316 հազար դրամ վարձ է վճարվում: Վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո «Ժակ-Ժան» ՍՊԸ-ն նույն տարածքը ենթավարձակալության է հանձնել «Վորլդ օֆ դիսքավրիս» ՍՊԸ-ին: «Ժակ-Ժան» ՍՊԸ-ն Երևանի թիվ 37 երթուղու ժահագործողն է: Ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի կնոջ եղբորը՝ Ռաֆայել Հակոբյանին: Մանկապարտեզի տնօրենը, որի տարածքը վարձակալությամբ է տրամադրվել, Արման Սահակյանի կինն է՝ Սեդա Հակոբյանը: Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին տարածքն ազատելու մասին ծանուցում է ուղարկվել, սակայն ընկերությունը մանկապարտեզի տարածքը դեռ չի ազատել:

Թիվ 41 մանկապարտեզի տարածքում գործող գրադարանի տեղափոխման հարցը այսօր քննարկվում է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմում: Գրադարանը անհատույց օգտագործման իրավունքով է տեղակայված մանկապարտեզի տարածքում:

2018թ-ին թիվ 43 մանկապարտեզի շենքում տարածք էր տրամադրվել «Երեխայի խնամքի զարգացման կենտրոն» բարեգործական կազմակերպությանը՝ տարեկան 471 հազար դրամ վարձավճարով: Այժմ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի հետ քննարկվում է տարածքն ազատելու նպատակահարմարության կամ վարձակալության պայմանագիրը երկարաձգելու հարցը:

Դեռևս 2003թ-ին թիվ 44 մանկապարտեզի շենքում 10 տարի ժամկետով տարածք էր տրամադրվել քաղաքացի Հրաչյա Ներսիսյանին: Վերջինս ծանուցվել է տարածքն ազատելու մասին, սակայն ժամանակ է խնդրել:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան․

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող մանկապարտեզների շենքերում տեղակայվել են հիմնականում համատիրությունները: «Սիփան», «Աբուլ», «Լիլիա» և «Արագած» համատիրությունները վարձակալել են տարածքներ համապատասխանաբար թիվ 76, թիվ 85, թիվ 87 և թիվ 97 մանկապարտեզներում: Վարձավճարների չափը տատանվել է տարեկան 60 հազարից մինչև 324 հազար դրամի միջակայքում: Համատիրությունները ծանուցվել են տարածքներն ազատելու մասին:

«Սեբաստիա» մշակույթի տան, գրադարանների, փողային, էստրադային նվագախմբի համար այժմ տարածքներ են փնտրվում, որպեսզի տեղափոխվեն այլ վայր: «Երքաղլույս» ՓԲԸ-ն և «Ապագայի կրթություն» ՀԿ-ն ծանուցվել են տարածքներն ազատելու մասին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 97 մանկապարտեզի տարածքում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տարածք էր տրամադրվել վարչական շրջանի ղեկավարի բանավոր թույլտվությամբ: Նրանք նույնպես ծանուցվել են տարածքն ազատելու մասին:

Դավթաշեն վարչական շրջան․

Դավթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկում են գործում այլ կառույցներ: Թիվ 58 մանկապարտեզում տեղակայվել են Երկրապահ կամավորականների միությունը և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն: ԵԿՄ-ն արդեն ազատել է տարածքը, իսկ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն ծանուցվել է ազատման մասին: