Քննչական կոմիտեում Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։ Նրան մեղադրանք է առաջադրվել:

Մարտի 11-ին Զարթոնք գյուղի 6 բնակիչ դիմում են ներկայացրել ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ՝ յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները:

Դիմումի կապակցությամբ Մեծամորի ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, ինչի ընթացքում Զարթոնքի նշված բնակիչները, ովքեր 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, հաղորդումներ են տվել, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից ընդհանուրը 1 միլիոն 100 հազար դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն իրենցից մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսներն ստացել են ընդհանուրը 300,000 դրամ գումար:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ART բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել $400 դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված երկու զինծառայողի բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց:

Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում մարտի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում տված անձինք, կատարվել է դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի զննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: