Խորհրդարանի լիագումար նիստում 21 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Արցախի ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արցախի ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Ներկայացնելով «Արցախի ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ասել է, որ ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման և պահպանման նպատակով, ելնելով վերջին տարիների փորձից, ինչպես նաև հաշվի առնելով 2017թ-ի սեպտեմբերի 27-ի 103Ն Արցախի նախագահի հրամանագիրը, որով հաստատվել է Արցախի կառավարության նոր կառուցվածքը և վերացվել է վարչապետի ինստիտուտը, անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծով առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ: Այդ խնդիրների լուծման համար ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է Ջրի ազգային խորհրդի գործունեությունը կարգավորելու նպատակով կատարել համապատասխան փոփոխություններ, սահմանել ջրի ազգային խորհրդի նախագահին, անդամներին, վերապահել ԱՀ կառավարությանը հաստատել ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը:

Անդրադառնալով «Արցախի ջրի ազգային ծրագրի մասին» Արցախի օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին՝ Ֆ. Գաբրիելյանն ասել է, որ նախատեսվում է հստակեցնել Արցախի «ջրային ռեսուրսներ» և «օգտագործելի ջրային ռեսուրսներ» հասկացությունները, ջրային պետական կադաստրում գրանցված ենթակա ջրային ռեսուրսները, ջրօգտագործման թույլտվությամբ տրվող ջրօգտագործման ծավալների գումարային մեծությունները:

Նախարարի խոսքով՝ ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արդիականացնել Արցախի ջրային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները:

Օրենքի երկու նախագծերն էլ գլխադասային՝ ԱԺ արտադրության, և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն: