Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) ծննդյան օրն է։

Նա կդառնար 48 տարեկան։ Արայիկ Խանդոյանը «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում մասնակցել է 2016թ. հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավմանը, ինչի հետևանքով խմբավորման մյուս անդամների հետ բանտարկվել է։

Մոտ երկու տարի անազատության մեջ մնալուց հետո, 2018թ․ օգոստոսի 17-ին՝ Հայաստանի թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, ազատ է արձակվել: Վերջինս ազատության մեջ հայտնվելուց երկու ամիս անց մահացավ՝ 2018թ-ի հոկտեմբերի 9-ին։

«Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը, Արային Խանդոյանի մահվանից հետո հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտարարեց․

«Արայիկ Խանդոյանի մահվան մեջ մեղավոր են ոստիկանները և բժշկական ոչ պատշաճ միջամտությունները: Բժշկական բազմաթիվ հետազոտություններ մեզ ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումը ունեցել է մեծ ներգործություն նրա կյանքի կարճացման վրա»։