Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019թ-ի եզրակացությունը, ըստ որի ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել և նշած եզրակացությամբ արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։

Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ չի ընդունում հանձնաժողովի՝ իրեն վերագրված մեղադրանքը՝ նշելով, որ եզրակացությունը դատական կարգով վիճարկելու է։ Ավելին, ըստ նրա՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ընդհանրապես չպետք է վարույթ ընդուներ Արամ Սիմոնյանի դիմումը։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 17-ին։