ԵՊՀ «Սահմանադրական իրավունքի» ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է․

«Եթե քաղաքական ակցիաները թույլատրելի են օրենսդիր և գործադիր իշխանությունների նկատմամբ՝ ճնշում գործադրելու առումով, ապա նմանատիպ ակցիաները անթույլատրելի են դատական իշխանության նկատմամբ, քանի որ այն ապաքաղաքական մարմին է»:

Սահմանադրագետի խոսքով՝ այս ակցիան, բնականաբար, քաղաքական բնույթի էր և, բնականաբար, ոտնահարում էր թե օրենսդրության, թե Սահմանադրության շատ նորմեր, բայց ճիշտ չէ ասել, թե սահմանադրական կարգի տապալում էր։

«Դատական իշխանության առումով քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատության իրականացմանն ու դատարանի գործունեությանը խոչընդոտելու ցանկացած ձև քրեորեն պատժելի արարք է։ Ազատ հավաքների մասին օրենքը ևս կատեգորիկ արգելում է հավաքներ դատարանների տարածքում, որպեսզի չխաթարի նրանց բնականոն գործունեությունը։ Հանրապետության նախագահը պետք է լինի իշխանության երեք թևերի ներդաշնակությունն ու համագործակցությունն ապահովելու համար»,- ասել է Այվազյանը։

Նրա խոսքով՝ ելնելով խորհրդարանական ձևի առանձնահատկությունից, նմանատիպ երևույթներից խուսափելու ու իրավիճակը շտկելու համար գոյություն ունի նախագահի ինստիտուտը։

«Այստեղ հանրապետության նախագահը պետք է իր դերակատարությունն ունենա, բայց հանրապետության նախագահի հայտարարությունը խնդրի լուծում համարել չէր կարելի, այն ընդամենը ամորֆ հայտարարություն էր»,- ասել է Վարդան Այվազյանը։

Անդրադառնալով դատավորի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի կասեցմանն ու ՍԴ դիմելուն՝ նշել է.

«Եթե ՍԴ-ն այդ դրույթը ճանաչի հակասահմանադրական, ապա հետևանքը լինելու է այն, որ սահմանադրական կարգի տապալման հիմքով Քոչարյանի և մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանքը կհանվի։ Իսկ եթե ոչ, և մեղադրական կողմի, և դատարանի համար շատ ավելի պարզ կլինի գործի հետագա ընթացքը վարելը»։