Ոստիկանությունը ցրում է ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքող երիտասարդներին
ՀՅԴ երիտասարդները քիչ առաջ հեռացան նախարարության մուտքի մոտից, այնուհետև նստեցին ու փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը:
«Մենք այստեղ էինք եկել հաստ թղթածրարով, որպեսզի Արայիկ Հարությունյանի հետ քննարկեինք օրենքի խնդրահարույց կետերը: Չեկավ, որոշեցինք համպատրաստից պերֆորմանս անենք: Այդ ընթացքում ոստիկանները բռնի ուժով մեզ հեռացրեցին: Հիմա այստեղ ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որովհետև նախարարը մեզ այլընտրանք չի թողնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նա նշեց, որ իր տեղեկատվությամբ իրենց ընկերներից 2-3 հոգի այժմ ոստիկանության Կենտրոնական բաժնում են: Երիտասարդներից մեկը թվարկեց, թե ում են տարել ոստիկանության բաժին՝ Արգիշտի Գևորգյան, Դավիթ Հունանյան, Գերասիմ և ևս մի քանի հոգի:
«Նոր Հայաստանում, իհարկե, մեզ համար նոր ու հին Հայաստան չկա, իրենց լեքսիկոնով ասած, ոստիկանը ցուցարարին ասում է՝ կթքեմ վրեդ: Կներեք, որ այս արտահայտությունն արեցի: Մի բան հասկացանք, որ ոստիկանությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է, այլ օրվա իշխանության ոստիկանությունն է: Լինի նախկին իշխանության ժամանակ, թե այս իշխանության, այս մասով ոչինչ չի փոխվել»,- ասաց երիտասարդներից մեկը: Գրում է Պանորամա-ն։
Ք. Վարդանյանն ասաց, որ կմնան այստեղ այնքան, մինչև Արայիկ Հարությունյանն իր դիմումը հրապարակի կամ իրենց տանեն իրենց ընկերների մոտ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, որոնք հավաքվել էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ու պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ճեղքել են ոստիկանական պատնեշն ու փորձել են ներխուժել նախարարության շենք: Ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի նրանք մոտենան նախարարության մուտքին, նրանք քաշքշել են իրար, և ոստիկանները փակել էին նախարարության մուտքը: