Արցախում մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով է անցել քաղաքական 5 ուժ, քվեարկությանը մասնակցել է 76,312 հոգի կամ ընտրողների 73%-ը, հայտնում են Արցախի ԿԸՀ-ից։

Ըստ Արցախի ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների դեպքում ընտրված են համարվում 5 տոկոսի շեմը հաղթահարածները, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոսից ավելի քվեներ ստացածները։

Ընտրությունների ամփոփման նախնական արդյունքներով՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 2260 ձայն (3․2%), «Միասնական հայրենիք» կուսակցության օգտին են քվեարկել 17,365 հոգի (23․63%), «Անկախության սերունդ» կուսակցությունը հավաքել է 656 ձայն (0․9%), «Հայ Հեղափոխական դաշնակցությունը»` 4717 ձայն (6․4%), «Արցախի հեղափոխական կուսակցությունը» հավաքել է 1660 ձայն (2․26%), «Ազատ Հայրենիք» ՀՄԴ կուսակցությունների դաշինքին կողմ է քվեարկել 29,688 հոգի (40․4%) «Արցախի արդարություն» կուսակցությունը ստացել է 5865 քվե (7․9%), «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» հավաքել է 4269 ձայն (5․81%), «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ստացել է 958 ձայն (1․3%):

Մյուս կուսակցություններից «Արցախի պահպանողական կուսակցությունը» հավաքել է 2108 ձայն (2․87%), «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը»՝ 480 ձայն (0․65%), «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքին կողմ է քվեարկել 3305 մարդ (4․5%):

Մանդատների բաշխվածության տվյալները կհրապարակվեն 7 օր հետո։ Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2․3%։