ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հունիսի 2-ին վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որին, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ:

Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ:

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև մեր և մեր հարազատների առողջությունը չվտանգելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները:

Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողներին հայտնաբերելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն: