Տեղի ղեկավարի հետ մինչև լուսաբաց գտնվել ենք դիրքերում. Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են. ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել են դիրքերում:
«Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական խախտում չի եղել:
Երեկ երեկոյան շփվել եմ նաև բնակիչների հետ, երիտասարդների հետ: Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են: Այդ «Հայաստանները» իրար շատ ասելիք ունեն` միասնական պայքարով պիտի պահենք մեր Հայրենիքը:
Չթողնե՛ք վախը և խուճապը ձեզ հաղթի: Մենք ուժեղ ենք»:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: