Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, հարցին, ասաց, որ վերջին 10 օրերի ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ ինժեներական աշխատանքների բերումով հայկական և ադրբեջանական զինված ուժերը միմյանց հետ բանակցել և ճշգրտել են սահմանագծերը: Նմանատիպ ճշգրտման հետևանքով էլ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում երեկ տեղի է ունեցել միջադեպը, ինչը բերել է հրմշտոցի, բախման և անցանկալի հետևանքների:

Պապիկյանը նշեց, որ այդ գոտում սահմանային ճշգրտումներ են կատարվում, ինչի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություններ է տարածել:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ սահմանային գոտում կա՞ն նմանատիպ վիճելի այլ հատվածներ, որը կարող է նմանատիպ խնդիրներ առաջացնել և այդ հատվածներում արդյոք նախապես ինժեներական աշխատանքներ կատարվում են:

Պապիկյանն ասաց, որ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով 2020թ. դեկտեմբերի 15-ից սահմանապահ ուժերը մի հատվածում, մնացած հատվածներում զինված ուժերը տեղակայված են տարբեր տեղերում, նույնն էլ հակառակ կողմում:

Ըստ Պապիկյանի՝ 2021թ. «հայտնի դեպքերի» և 2022թ. սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքը, այդ հատվածներում ևս դեմ-դիմաց կանգնած են զինված ուժերը:

Սուրեն Պապիկյաննի խոսքերով՝ երեկ արձանագրված միջադեպի հատվածն է, որը խնդրահարույց է, շարունակվում է ճշգրտվել:

Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր: