Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի ուզում անարձագանք թողնել մի քանի կարևոր շեշտադրումներ, որոնք արվեցին ԱԺ-ում ելույթների ժամանակ․

«Ընդհանրապես ամենավտանգավոր բանը փակվելն է քննադատության առջև և քննադատությունը մերժելը:

Նախ կառավարության ծրագրի ձևի մասին. միշտ փորձ է արվել ասել, օրինակ, ԱԺ պատգամավոր չեն լինում այսպես, լինում են այսպես, ԱԺ ամբիոնից ելույթ չեն անում այդպես, ելույթ են ունենում այսպես, իշխանափոխություն չեն անում այդպես, անում են այսպես: Պետք է հրապարակում կարկանդակ բաժանել, հրապարակում վարչապետ չեն ընտրվում: Ես չեմ ասում, որ այդ մարդիկ սխալ են ասել, ես ասում եմ, որ այս քննարկումը հաստատում է այն, որ մենք խոսում ենք տարբեր հարթությունների մասին: Սխալի ու ճշտի մեջ չի, խնդիրը հարթության տարբերությունների մասին է», - ասաց նա:

Նա անդրադարձավ նրան, որ կառավարության ծրագրում չկան թվեր.

«Ասում են՝ մեր ծրագրի մեջ չկան թվեր: Մեր ծրագրում կան բազմաթիվ թվեր, որոնք ես կներկայացնեմ. Ինչպիսի՞ն է լինելու պաշտոնյաների մեջ կոռուպցիայի մակարդակը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Ինչպիսին է լինելու ՀՀ-ում արտոնյալների տոկոսը՝ զրո: Խոշոր բիզնեսը ինչքան նալոգ պետք է տա վարչապետին՝ զրո: Հայաստանում քանի՞ մենաշնորհ պետք է լինի, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ զրո:

25 տարի շարունակ մենք այս դահլիճում լսել ենք, այս պլպլան թվերը ի՞նչ նշանակություն ունեն, քանի դեռ Հայաստանում կա մենաշնորհ, կոռուպցիա, արտոնյալներ:

Հիմա մեզ ասում են՝ թիվ չենք գրել: Ես կարծում եմ, որ մեր ծրագրի ամենալավ գնահատականը տվեց Շարմազանովը, ասաց՝ սա երազանքների ծրագիր: Այո, այդպես է, ձեր կառավարությունները թվերի տակ տրորվում էր մարդկանց երազանքը: Մենք այս ծրագրով ասում ենք, որ ՀՀ քաղաքացուն վերադարձրել ենք երազելու և դրանք իրականացնելու իրավունքը»: