Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Արցախի իշխանությունների քաղաքական կուրսին, Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպմանը, վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:

Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը:

«Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին», - ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Արցախում բողոքի ակցիաներից հետո հրաժարական ներկայացրեցին ուժային կառույցների ղեկավարները և պետնախարարը։