Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալը, որը լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ է փոխանցել հակաահաբեկչական գործողությունների անցկացման ժամանակ ռասայական խտրականության հնարավորության մասին, դատապարտվել է 4 տարվա բանտարկության, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Մինեսոթայի դատարանը Եթովպիայից փախստականի որդի Թերրի Էլբերիին, որը ՀԴԲ-ում աշխատել է 17 տարի, դատապարտել է 4 տարվա բանտարկության: Դատապարտյալն իրեն մեղավոր է ճանաչել:

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը նշել է, որ հիմա ԱՄՆ Արդարադատության նախարարությունն անցկացնում է «գերատեսչության պատմության մեջ, հավանաբար, ամենաագրեսիվ արշավը ընդդեմ տեղեկությունների արտահոսքի»: Նման հանցագործությունները օրենսդրության շրջանակում խստորեն կպատժվեն, զգուշացրել է Սեշնսը:

2016 և 2017թթ-ին Էլբերին, որը ՀԴԲ հատուկ գործակալ է աշխատել Մինեապոլիսում, քննությունների անցկացման և օպերատիվ գործողությունների ներքին հրահանգները փոխանցել է Intercept պարբերականին:

Փաստաթղթում նշված էր, որ ՀԴԲ գործակալներն իրավունք ունեն ահաբեկչական կազմակերպությունների գործունեության քննության ժամանակ կիրառելու ռասայական և կրոնական խտրականության մեթոդներ, կարող են օրենքները խախտել ակտիվ խմբավորումների մեջ ներդրվելու համար, ինչպես նաև լրտեսել լրագրողներին: