Կապանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուն չի հաղթել, որովհետև Սյունիքում անցյալից դեռևս պահպանվող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան կարողացել է ազդել ընտրողների վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Կապանի ընտրության այս արդյունքները «Հանրապետականին» հույս է ներշնչել, որ հնարավոր է հասնել քաղաքական ռևանշի։

«Պատճառը պետք է կապել Կապանում քաղաքապետի ընտրությունների հետ: Պարզվել է, որ հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռևս կենսունակության նշաններ է ցույց տալիս: Սա նշանակում է, որ Սյունիքում գործող քրեական, քաղաքական ու տնտեսական էլիտան իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին արժեքների տրամաբանությամբ, կամ ավելի ճիշտ՝ հին մոդելների մոդիֆիկացված ձևերով ուղղորդել որոշակի քվեարկության, ի վերջո հասնել իրենց համար ցանկալի արդյունքի։ ՀՀԿ-ականները հույս ունեն, որ առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը»,- ասել է Փաշինյանը։

Նա կրկին բացառել է Հունան Պողոսյանի նշանակման գործոնը ՏԻՄ ընտրությունների արդյունքների մեջ։

«Լրագրողները և վերլուծաբանները ճիշտ են, որ մեծ ուշադրություն են դարձնում կապանյան ընտրություններին, բայց նրանք սխալվում են, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ:

Ընդհակառակը, Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելն էր կապված Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ:

Իմ համոզմունքը հետևյալն է. Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական ու քրեական ուժեր, որոնք մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական ու ժողովրդական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա: Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի պետական, ժողովրդական իշխանություն»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալին Սյունիքի մարզպետ նշանակելու պատճառը, ըստ Փաշինյանի, հենց սա է եղել.

«Այդ որոշման հիմնական շարժառիթը ոչ թե Սյունիքում դիկտատուրա հաստատելն էր, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների և իրավունքների երաշխավորումը, որն անհնար կլինի առանց քրեական էլիտայի, առանց տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու: Դա մի խնդիր է, որ լուծելու ենք հստակ ու անառարկելիորեն»:

Մենք ուզում ենք անկեղծ երկխոսություն ունենալ ժողովրդի հետ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ չընդունել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները ձևավորվել են ժողովրդի քվեարկության արդյունքում: Հանրային կարծիքի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ մասը քվեարկել է իր համոզմունքի համաձայն: Հին համակարգի տրամաբանությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որի պահվածքը վճռական է եղել ընտրությունների արդյունքների համար:

Տեղի ունեցած արդյունքները ընդունելով է, որ մենք կարող ենք շարունակել մեր երկխոսությունը հանրության հետ: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեսնի, թե իր քվեարկությունը ինչպիսի արձագանքների ու ազդեցությունների տեղիք է տալիս ողջ քաղաքական իրավիճակի վրա: Իմ ողջ քաղաքական գործունեության հիմքն այն է եղել, որ մարդիկ հասկանան, որ իրենց քվեն է ամեն ինչ որոշում, որ չմտածեն՝ դե իմ մի ձայնն ի՞նչ է որոշում: Ես փորձել եմ համոզել, որ այո, ամեն ինչ կախված է ձեր մի ձայնից»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը Կապանում տեղի ունեցած քվեարկության արդյունքներն օրինական է համարում, քանի որ դրանք արտահայտում են մարդկանց ընտրությունը։

«Բայց իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական և տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն են ունեցել այն բանի պատճառով, որ հեղափոխությունը ոչ բոլորին է հասել»,- ասել է նա:

Փաշինյանը հիշեցրել է, որ Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում այդ համակարգում նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած Վալերի Օսիպյանի եւ Արթուր Վանեցյանի նշանակումներից հետո մեծ աղմուկ բարձրացավ, բայց 1-2 քննարկումից հետո այդ թեման փակվեց:

«ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակումից հետո այդ ալիքը բավական երկար տեւեց, որովհետեւ ընդունելի հարցադրումների ու մտահոգությունների ֆոնը Սյունիքում հաստատված քրեական տնտեսական որոշակի շրջանակներ հմտորեն օգտագործեցին, այդ թվում օգտագործելով իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, և հնարավոր է կրկին փորձեն օգտագործել իրենց անվտանգության խնդիրն ապահովելու, Սյունիքում միահեծան և հակապետական իշխանություն հաստատելու եւ պահպանելու համար»,- ասել է նա: