Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 77-ի: Այս մասին կիրակի հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այդպիսով՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի ընդհանուր թիվը հասել է 80-ի: Միևնույն ժամանակ, նվազել է անհետ կորածների թիվը՝ 1.300-ից հասնելով 1000-ից պակասի:

Վերջին տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայի հյուսիսում «Քեմփ» հրդեհի ընդհանուր մակերեսն ավելի քան 500 ք/կմ է: Այս հրդեհն արդեն նահանգի պատմության մեջ ամենամահաբերն ու ավերիչն է ճանաչվել: Ավերվել է ավելի քան 12.000 շինություն՝ ներառյալ ավելի քան 10.000 բնակելի տուն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել էր դաշնային բյուջեից նահանգին միջոցներ հատկացնել՝ տարերային աղետի դեմ պայքարի համար:

Բրիտանական Daily Mail պարբերականն արբանյակային լուսանկարների միջոցով ցույց է տվել Կալիֆոռնիայում գտնվող Մալիբու քաղաքում ավերածությունների մասշտաբը: Դրանցում պատկերված կանաչով շրջապատված գեղեցիկ տներն այժմ վերածվել են մոխրագույն աղբակույտի: Սակայն ամենից շատ տուժել է Փերըդայզ քաղաքը, որը վերածվել է մոխրի.