Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ 2018թ-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։ Մասնավորապես, նա նշել է, որ ուսումնասիրելով դիմումների մուտքագրման և շինթույլտվությունների տրամադրման ժամկետները՝ պարզվում է դրանց միջև ժամանակահատվածը գերազանցում է օրենքով սահմանված ժամկետները, ընդհուպ հասնելով մինչև 30 օրվա։

ՀՀ Կառավարության 2015թ-ի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ.

«Իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը՝ սույն կարգի 98-րդ կետում նշված դիմումն ստանալու օրվանից`

1) II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար`

- ա. 3-օրյա ժամկետում` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման դեպքում,
- բ. 5-օրյա ժամկետում` սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ չնշված օբյեկտների դեպքում»։

Panorama.am-ը հետաքրքրվել է Անի Սամսոնյանից, թե արդյո՞ք նա որևէ միտում է տեսնում, որ ժամկետները խախտվել են, նա պատասխանել.

«Որևէ միտում չեմ տեսնում, ուղղակի ուզում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պարզաբանի, թե ինչու է ուշացրել շինթույլտվությունների տրամադրումը, որովհետև ժամկետների խախտումներն ազդում են Doing Business-ի ցուցանիշների վրա»։

Նա ասաց, որ անցած տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրվել է 31 շինարարության թույլտվություն, մեծամասնությունը տրվել է ժամկետների խախտումներով։

Panorama.am-ը դիմել է նաև Երևանի քաղաքապետան՝ պարզելու, թե ինչո՞ւ են խախտվել ժամկետները, ինչպե՞ս են արձագանքում ավագանու անդամի մեղադրանքին։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նախ ասել է, որ ավագանու անդամների գրառումները չի մեկնաբանում, ապա նշել է, որ գրավոր հարցում պետք է ուղարկել։