Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած կադրային փոփոխությունների պատճառով որոշ աշխատանքներ ժամկետներից հետ են ընկնում։ Մասնավորապես, խոսքը շինարարության թույլտվության ժամկետների խախտման մասին է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության արդեն նախկին անդամ, այժմ պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում էր, որ 2018թ-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։ Նրա խոսքով, ժամկետների խախտումներն ազդում են Doing Business-ի ցուցանիշների վրա։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են․

«Շինթույլտվություններ ստանալու համար Երևանի քաղաքապետարանի կողմից մուտքագրված դիմումները և հայտերը քննարկվել են, այնուհետ զեկուցվել սահմանված ժամկետներում: Հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու ընտրությունների և դրա արդյունքում տեղի ունեցած համապատասխան աշխատակիցների կադրային փոփոխությունները՝ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի վավերացման փուլում առանձին դեպքերում տեղի են ունեցել ժամկետների որոշակի խախտումներ, որոնց վերաբերյալ հնարավոր սեղմ ժամկետներում կառուցապատողները բանավոր տեղեկացել են (հեռախոսակապի միջոցով)»,- այս մասին գրում է Panorama.am-ը։

Երևանի ավագանու քաղաքաշինության նախագահ Արսեն Կարապետյանն էլ նշել է․

«Խնդրին ծանոթ եմ ոչ միայն որպես ավագանու անդամ, այլ նաև որպես գործող ճարտարապետ։ Այսօր չէ առաջացել։ Ես հիմա չեմ կարող մեկնաբանել, քանի որ ես ունեմ իմ պատկերացումները իրավիճակի պատճառների մասին, սակայն, կարծում եմ, որ սա ոչ այնքան թերացման խնդիր է, այլ համակարգային, և հիմա անձամբ ես աշխատում եմ առաջարկների վրա, թե ինչպես պետք է փոխվի քաղաքաշինական որոշումներ ընդունելու կարգը, որպեսզի այսուհետ նման խնդիրներ չառաջանան»,- ասաց ճարտարապետ Ա.Կարապետյանը։